Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Երբ չեն լինելու գլոբալ հաղթողներ և գլոբալ պարտվողներ»

«Երբ չեն լինելու գլոբալ հաղթողներ և  գլոբալ պարտվողներ»
24.07.2015 | 00:21

«Իրատեսի» հարցերին պատասխանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ:

-Ի՞նչ է փոխվել մեր երկրում, որ ուզում ենք Սահմանադրություն փոխել:
-Սահմանադրություն փոխելու համար երկրում որևէ փոփոխության առկայությունը նախապայման չէ: Ամբողջ աշխարհում սահմանադրությունները պարբերաբար փոփոխվում են, որոշ երկրներում՝ խորհրդարանի մակարդակով, մեզ մոտ՝ հանրաքվեով: Միշտ էլ պետության ու հասարակության զարգացման որոշակի մակարդակում անհրաժեշտություն է առաջանում հիմնական օրենքը փոխելու: Մենք երկրորդ անգամ ենք պատրաստվում փոխել Սահմանադրությունը, և դա նորմալ գործընթաց է՝ կյանքը քարացած չէ, քարացած չեն հասարակական հարաբերությունները, պետություն-հասարակություն հարաբերությունները, իշխանության թևերի տարանջատման, հակակշիռների ու զսպումների մեխանիզմները: Չանդրադառնանք կառավարման որևէ մոդելի առավելություններին ու թերություններին, խնդիրն այլ է՝ կառավարման ո՞ր համակարգն է տվյալ ժամանակահատվածում, տվյալ հասարակական հարաբերություններում ավելի արդյունավետ՝ ըստ հանրության: Ի վերջո՝ մենք ինչքան էլ ասենք` ո՞րն է լավ, ո՞րն է վատ՝ դատավորը հանրությունն է: Դժվար է հանրությանը սահմանադրական փաստաթղթի մանրամասներ ու նրբություններ ներկայացնել, բայց կարևոր սկզբունքները հնարավոր է, որից հետո ընդունելի կամ ոչ ընդունելի լինելը կորոշվի հանրաքվեի ժամանակ:
-Իբրև ՀՀ շարքային ընտրող ինչո՞ւ պիտի ես գնամ հանրաքվեի և ինչո՞ւ պիտի «այո» ասեմ սահմանադրական փոփոխություններին:
-Բավարար ժամանակ ունենք հանրությանը մանրամասն ներկայացնելու փոփոխությունները՝ մեկ, և երկրորդ՝ այն, ինչ հիմա է ներկայացվել, իդեալական ու վերջնական տարբերակ չէ, իհարկե, քննարկումներ կլինեն, ձևակերպումների, կարգավորումների մեխանիզմների շտկումներ, որից հետո հասարակությանը կառաջարկենք ընտրել: Ի՞նչն է ինձ համար կարևոր: Հիշեք նախագահական ընտրությունները՝ շատ անձնավորված, դաժան ընտրություններ՝ իրենց հետընտրական գործընթացներով ուղեկցվող: Դաժան ցնցումներ պետության համար: Եթե թեկնածուներից մեկը ստանում է 50,001 %, դառնում է ամեն ինչի տերն ու ղեկավարը, մյուսը ստանում է 49 % ու ոչինչ չի ստանում՝ ինքն ու հասարակության այն հատվածը, որ իրեն է ձայն տվել: Նրանք մասնակից չեն դառնում պետական կառավարման համակարգին: Ստացվում է՝ հասարակության մի կեսը պարտվեց մյուս կեսին ու պիտի ենթարկվի հաղթողի կառավարմանը: Կա անարդարության տարր: Իսկ խորհրդարանական կառավարման պարագայում, եթե որևէ կուսակցություն հաղթել է 50 +1 % ձայներով, մյուսը՝ 49 % է ստացել, մեկը իշխանություն է, մյուսը՝ ընդդիմություն, միևնույն է, երկուսն էլ խորհրդարանում են, և հաղթած կուսակցությունը ոչինչ չի կարող անել՝ չխորհրդակցելով, հաշվի չառնելով քաղաքական ընդդիմության տեսակետը: Այսինքն՝ նրանք և հասարակության այն հատվածը, որ նրանց ձայն է տվել, անմիջականորեն մասնակցում են պետական կառավարմանը: Սա ամենակարևոր և առաջնային գործոնն է:
-Խորհրդարանական կառավարման մոդելը ընդդիմության դերը մեծացնո՞ւմ է:
-Միանշանակ: Հիշեք նախագահական վերջին ընտրությունները: Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին մեծ թվով ձայներ հավաքեց, եթե դա լիներ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, նրանք երկրորդ քաղաքական ուժը կդառնային խորհրդարանում և մասնակից՝ պետական կառավարմանն ու որոշումների ընդունմանը ընդդիմության կարգավիճակով:
-Իշխանությունն ունենում է բացարձակ մեծամասնություն և իրեն անհրաժեշտ օրինագծերն ու որոշումները ընդունում է քվեարկությամբ, ո՞րն է ընդդիմության դերը:
-Շատ շատ օրինագծեր չեն անցնում, թեպետ իշխանությունն ունի ամուր քաղաքական մեծամասնություն: Գլոբալ առումով՝ իշխանությունը պետք է մեծամասնություն ունենա, այլապես չի կարող կառավարել ու իր ծրագրերը կյանքի կոչել: Պատկերացրեք՝ ունենայինք շատ ավելի կազմակերպված ու կայուն ընդդիմություն, ինչպիսի՞ն կլիներ իշխանության վիճակը:
-Իսկ երկրի վիճա՞կը:
-Շատ ավելի ծանր՝ ամբողջ աշխարհում, եթե խորհրդարանում որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չունի, միշտ էլ ներքին ցնցումներ են լինում, որովհետև կառավարության կարևորագույն օրինագծերը՝ սոցիալական, տնտեսական, արտաքին հարաբերություններին, բարեփոխումներին վերաբերող, կարող են խորհրդարանում տապալվել, եթե իշխանությունը չունի մեծամասնություն: Ով կլինի քաղաքական մեծամասնություն՝ թող որոշի ժողովուրդը, բայց բոլոր դեպքերում քաղաքական մեծամասնություն ունենալը կարևոր է:
-Քաղաքականությունը չվերածենք կուսակցականության: Քաղաքականությունը իշխանության, ընդդիմության, հասարակության միավորումն է: Մենք ունենք կոնկրետ իրավիճակ, կոնկրետ կուսակցություններով, սոցիալական, տնտեսական, արտաքին ու ներքին քաղաքական խնդիրներով: Երբ Սահմանադրության փոփոխության հայեցակարգը կոնկրետ իրավիճակին ես պրոյեկտում, ի՞նչ է ստացվում:
-Չեմ կարծում, որ պրոյեկտելիս անհասկանալի խնդիրներ են ծագելու: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ՀՀ նախագահը տվեց ամենակարևոր հարցի պատասխանը՝ եթե հանրության և քաղաքական դաշտի մի մասը մտահոգ է, որ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են ՀՀ նախագահի իշխանության վերարտադրության համար, նա հստակ ասաց, որ ինքը չի հավակնում երեք պաշտոններից ոչ մեկին: Այսինքն՝ դա պետք է ոչ թե նախագահի անձին, այլ երկրին:
-Չնույնացնենք Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի հետ: Նա կարող է որոշել երկրորդ երիտասարդ թոշակառու դառնալ, բայց մնում է ՀՀԿ-ն, ու ինքն էլ մնում է ՀՀԿ նախագահ:
-Կյանքը ցույց է տվել, որ յուրաքանչյուր անհատ հզոր է իր ունեցած լծակներով: Կուսակցական լծակը շատ կարևոր է, բայց եթե անցել ենք խորհրդարանական կառավարման, ընտրված խորհրդարանի նախագահն ու մեծամասնությունը ներկայացնող վարչապետը կարող են միմյանց հետ շատ լավ համագործակցել, կուսակցության կարիքը չզգալով:
-Իրավականորեն՝ այո, իսկ եթե հակառա՞կը լինի, ո՞վ է դառնում արբիտր:
-Կուսակցությունը, իհարկե, պահպանում է իր վճռորոշ նշանակությունը:
-Ամբողջ շաբաթ ՀՀԿ-ականները խոսում են 10-15 տարվա մասին՝ եթե փոփոխությունները հիմա չլինեն, հետո անպայման լինելու են: Ինչո՞ւ:
-Միևնույն է, մեր տիպի երկրին անհրաժեշտ են նոր Սահմանադրությունն ու կառավարման նոր համակարգը, մենք ուզում ենք, որ հիմա լինի: Եթե քաղաքական դաշտը և հանրությունը չընդունեն, միևնույն է, գալու է ժամանակ, երբ բոլորը կգիտակցեն, որ դա անհրաժեշտություն է:
-Միջին վիճակագրական հայի համար, որ ընտրող է, ի՞նչ տարբերություն՝ նախագա՞հն է կառավարում, թե՞ վարչապետը, ինքն ուզում է նորմալ ապրել:
-Իր համար գուցե որևէ նշանակություն չունի, բայց միջին վիճակագրական հայ ընտրողի համար նշանակություն ունի, որ ընտրությունները չեն լինի, ինչպես եղել են 1996, 1998, 2003, 2008 թվականներին՝ հետընտրական դաժան գործընթացներով:
-Գործող Սահմանադրությո՞ւնն էր խանգարում ընտրությանը:
-Չէր խանգարում, բայց այն, ինչ ուզում ենք փոփոխել, հանում է այդ խնդիրը: Խորհրդարանական ընտրություններում այլևս պարտվող կողմ չի լինելու, բոլոր քաղաքական ուժերը, որ ներկայացնում են հանրության որոշակի հատված, ներկայացված են լինելու խորհրդարանում և մասնակցելու են պետության կառավարմանը: Չկան գլոբալ հաղթողներ և չկան գլոբալ պարտվողներ: Յուրաքանչյուրն ինչ-որ տոկոսով հաղթում է՝ սա է կարևորը:
-Ընտրիչների ինստիտուտը ի՞նչ է բերում: Ինչո՞ւ ընտրված պատգամավորները չեն կարող նախագահ ընտրել, որ նրանց ավելացվում են ՏԻՄ-ի՝ պատգամավորների թվով ընտրիչներ: Դա չի՞ դառնում ապահովության բարձիկ ՀՀԿ-ի համար, որովհետև ՏԻՄ-ում հիմնականում հենց ՀՀԿ անդամներն են:
-Իհարկե, խորհրդարանական կառավարման մոդելով շատ երկրներում խորհրդարանն է նախագահ ընտրում: Նախագահն այլևս առաջնային մանդատ չունի, այս առաջարկը նպատակ ունի ընդլայնելու նրա մանդատի սահմանները, որովհետև տեղական ինքնակառավարման մարմիններում ևս ժողովրդի ընտրած, առաջնային մանդատ ունեցող անձինք են: Պատկերացրեք՝ X քաղաքական ուժը հաղթել է և խորհրդարանում է, ինքն էլ ձևավորում է կառավարություն, ինքն էլ ընտրում է նախագահին, ստացվում է, որ նախագահը, ԱԺ-ն և վարչապետը դառնում են նույն քաղաքական ուժի ներկայացուցիչները: Երբ հավելում ենք ՏԻՄ մարմինները, լայնացվում է շրջանակը:
-Տեսականորեն՝ այո, գործնականում՝ ոչ. ՀՀԿ-ականը ՀՀԿ-ական է՝ խորհրդարանում էլ, ՏԻՄ-ում էլ:
-Այս պահին կարող է այդպես լինել, իսկ եթե խորհրդարանում հաղթում է այլ քաղաքական ուժ, ստացվում է այլ պատկեր:
-Ինչո՞ւ ենք ուզում նախագահին ուժեղացնել, երբ նրա ֆունկցիաները արարողակարգային են դառնում:
-Նախագահը պետք է լինի բավականաչափ անկախ, որ իր ներկայացուցչական ու արարողակարգային ֆունկցիաները ամբողջությամբ իրականացնի՝ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակներում:
-Մենք ունենում ենք նախագահ՝ պատգամավորների ու ընտրիչների ընտրած, ունենում ենք վարչապետ, որի լիազորությունները մեծացրել ենք 2005-ի հանրաքվեով, ունենում ենք խորհրդարան, որը լիովին փոխվում է, և ԱԺ նախագահ, ում լիազորությունները մնում են նո՞ւյնը:
-ԱԺ նախագահը պատգամավոր է, որ ապահովում է ԱԺ պատգամավորների ու աշխատակազմի բնականոն գործունեությունը, նա ունի մեկ ձայն, մեկ խոսափող: Խորհրդարանի լիազորությունները մեծանում են, նախագահինը՝ ոչ:
-Խորհրդարանը չի՞ կարող խաղալ ապակայունացնող դեր:
-Կարող է, դա խորհրդարանական կառավարման համակարգի թերություններից է, որ պետության կայունությունը կախման մեջ է դնում խորհրդարանի խմբակցություններից ու պատգամավորներից, քաղաքական մեծամասնության մեջ որևէ տեղաշարժն անմիջապես կառավարման ճգնաժամ է առաջացնում երկրում՝ կառավարություններ են հրաժարական տալիս, արտահերթ ընտրություններ են լինում: ՈՒստի խորհրդարանում անհրաժեշտ է կայուն քաղաքական մեծամասնության ներկայությունը, որպեսզի երկիրը բնականոն զարգանա, հակառակ պարագայում կառավարությունների անընդհատ փոփոխություններ են լինում:
-Փետրվարին ՀՀ նախագահն ասում էր, որ իր համար էլ շատ հարցեր պարզ չեն, մասնավորապես ազգային անվտանգության ապահովումը: Լուծվե՞ց այդ հարցը:
-Կառավարությունն ապահովում է ազգային անվտանգությունը: Պաշտպանության նախարարը հիմա էլ կառավարության անդամ է:
-Ո՞վ է լինելու գերագույն գլխավոր հրամանատարը:
-Վարչապետը:
-Որ հիմնականում տնտեսակա՞ն քաղաքականության պատասխանատուն է:
-Գերագույն գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարարի կամ գլխավոր շտաբի պետի ֆունկցիաների մեջ չի մտնում: Ռազմական իրավիճակներում անհրաժեշտ է պետության բոլոր ռեսուրսների մոբիլիզացիա, որը և անում է վարչապետը՝ ունենալով արագ որոշումների ընդունման լիազորություններ:
-Շտաբի պետ, պաշտպանության նախարար, գերագույն գլխավոր հրամանատար՝ եռապետությո՞ւն է պաշտպանության ոլորտում:
-Շտաբի պետի ֆունկցիաները զուտ ռազմական են, Պնախարարը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ շտաբի պետը կարողանա իր ֆունկցիաները կատարել, գերագույն գլխավոր հրամանատարը պետության ռեսուրսներն է ներդնում պաշտպանության նպատակով:
-Եթե լինի արդար հանրաքվե և ժողովուրդը «ոչ» ասի, հետո ի՞նչ է լինելու:
-Օրենքների շրջանակում պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը դառնա քաղաքական դաշտի սեփականությունը և նրանց միջոցով՝ հանրության սեփականությունը: Ինչ մտածում ենք և համարում ենք ճիշտ ու անհրաժեշտ, պիտի բացատրենք: Եթե հանկարծ հանրությունը որոշի, որ այդպես չէ, և պետք է մնա կառավարման գործող համակարգը, հանրության կարծիքը մեզ համար առաջնային է:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ